Շավարշ Քոչարյան. Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, ուրեմն Մինսկի ձևաչափը չի փոխվի
«ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սեղանին առ այօր մի փաստաթուղ է դրված՝ մադրիդյան փաստաթուղթը: Հնարավոր էր, որ լիներ երկրորդը՝ Կազանում»,- «Մեդիա կենտրոն»-ում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե Կազանում լիներ նոր փաստաթուղթ, ապա առաջընթաց կլիներ: Հիշեցնեմ, որ մադրիդյան փաստաթուղթը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Իսկ Կազանում ենթադրվում էր, որ պետք է ընդունվեր բուն փաստաթուղթ»,-մանրամասնեց ԱԳՆ պաշտոնյան:
Շ. Քոչարյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն աստիճանաբար դառնում են հասցեական:
«Միջնորդները քաջատեղյակ են իրականությանը, բայց ելնելով իրենց միջնորդական առաքելությունից հավասարության նշան էին դնում կողմերի միջև: Հիմա դա արդեն չի արվում: Գնալով նրանց հայտարարություններում երևում է, թե ում են հասցեագրված: Իհարկե, սա կարևոր է, բայց ես մի բան եմ ուզում արձանագրել, մեր հույսը միշտ մեզ վրա է, ոչ միջնորդների, ո՛չ դաշնակցի վրա, որը շատ կարևոր է ունենալ, բայց առաջին հերթին պետք է հույսը մեր վրա դնենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, հնարավո՞ր է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դա կարող է տեղի ունենալ միայն կողմերի համաձայնությամբ:
«Դա արդեն բոլոր հարցերին պատասխան է տալիս: Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, ուրեմն չի փոխվի: Սա հանգամանքներից մեկն է: Երկորրդ՝ ակնհայտ է, որ Բաքվին միայն մի միջնորդ է ձեռնտու՝ Թուրքիան, մնացածը իր համար խանգարող են: Ադրբեջանն այլ միջնորդ չի տեսնում, որովհետև իր պատկերացումները՝ կարգավորման վերաբերյալ կիսում է միայն Թուրքիան, իսկ դա հայկական կողմը երբեք թույլ չի տա: Այդ բոլոր խաղերը հասկանալի են»,-ասաց նա: