Ռայոլան պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Մխիթարյանի համար
Դորտմունդի «Բորուսիայի» և Հենրիխ Մխիթարյանի` պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցությունները ձգձգվում են: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան ձգտում է շահավետ գործարք կատարել և հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, ինչպես և մեկ տարի առաջ, առաջարկել է «Յուվենթուսին»: Սա նշանակում է, որ գործակալը ցանկանում է բարձրացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Ի վերջո, եթե հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի համար, ըստ լուրերի, նույնիսկ 100 մլն եվրո են պլանավորում վճարել, ապա ինչո՞ւ նրա ու Մխիթարյանի տրանսֆերային արժեքների տարբերությունը պետք է հսկայական լինի, եթե վերջինս խաղադաշտում ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով` եվրոպական ֆուտբոլին ցնցելով խփած գոլերի ու կատարած գոլային փոխանցումների քանակով: Նա արդեն մասնակցել է իր թիմի խփած 44 գոլի. բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերում խփել է 20 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում:
Ֆուտբոլը վաղուց արդեն սոսկ խաղ չէ, այլ բիզնես և, որպես այդպիսին, ենթարկվում է շուկայական օրենքներին ու տրամաբանությանը: Ակնհայտ է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը պետք է բարձրանա: Դրան է ձգտում Մինո Ռայոլան, ով տրանսֆերային շուկայում յուրաքանչյուր եվրոյի համար պայքարող գործակալի համբավ ունի: Բայց նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Մխիթարյանի համար:
Անգլիական «The Guardian»-ը, առաջին պլան մղելով Ռայոլայի` Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացնելու ձգտումը, միաժամանակ ընդգծում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան «Արսենալը», որի սկաուտներն արդեն մեկնել են Դորտմունդ ու հետևել հայ ֆուտբոլիստի խաղին: «Արսենալում» նա կարող է փոխարինել Միկել Արտետային, Մաթյե Ֆլամինիին և Թոմաշ Ռոսիցկուն, ովքեր, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանան ակումբից:
Ինքը` Մխիթարյանի գործակալը, ակնհայտորեն շահագրգռված չէ, որ «Բորուսիայի» հետ պայմանագիրն արագ ստորագրվի, իսկ դորտմունդյան ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ ապահովագրել իրեն և նոր պայմանագիր կնքել Հենրիխի հետ:
«Մենք չենք շտապում «Բորուսիայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Ամեն բան կանենք միանգամայն հանգիստ մթնոլորտում»,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը, ի հեճուկս բոլոր հաղորդումների ու լուրերի, իրեն շատ հանգիստ է դրսևորում:
«Ես չեմ մեկնաբանի այդ լուրերը: Մենք աշխատում ենք պայմանագրի երկարաձգման ուղղությամբ և լավ բանակցությունների մեջ ենք Միկիի ու պրն Ռայոլայի հետ»,- ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:
Ի դեպ, Դորտմունդի «Բորուսիայի» տարեկան բյուջեն արդեն առաջիկա ամռանը կարող է հատել 100 մլն եվրոյի սահմանագիծը, քանզի 2014-2015 թթ. ֆինանսական հաշվետվության մեջ ակումբի բյուջեն կազմել է մոտ 90 մլն եվրո: Եվ այն, որ Մխիթարյանի աշխատավարձը նույնպես զգալիորեն կբարձրանա, ոչ մի կասկած չի առաջացնում: