Ադրբեջանի ժողովրդավարությունն իրական կդառնա, երբ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները. The Guardian
Բրիտանական The Guardian-ը հրապարակել է ադրբեջանցի արդեն նախկին քաղբանտարկյալներ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի եւ Անար Մամադլիի համատեղ հոդվածը, որտեղ Եվրոպայի եւ ԱՄՆ ճնշումների արդյունքում արդեն ազատության մեջ գտնվող ակտիվիստները գրում են Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի ռեժիմի իրական կերպարի մասին:
Հիշեցնենք, որ նախքան Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն մեկնելը, Ալիևն ազատ էր արձակել 16 քաղբանտարկյալների, որոնց թվում էին փաստաբան Ինտիգամ Ալիևը, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը և ընտրությունների մոնիտորինգային խմբի ղեկավար Անար Մամադլին:
Հեղինակների՝ ազատության մեջ լինելու ուրախությունն այնքան էլ ամբողջական չէ, քանի որ բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ տանջվում են ճաղերի հետևում: Նրանք խոսում են Խադիջա Իսմայիլովայի մասին, ով հետաքննություն էր սկսել Ալիևի և նրա բազմանդամ ընտանիքի անձնական կարողության վերաբերյալ, 2014-ի դեկտեմբերին ձերբակալվել է և դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման՝ զեղծարարության և իշխանության չարաշահման համար, Իլգար Մամադովին, ով դատապարտված է 7 տարվա ազատազրկման, քանի որ հանդգնել է մասնակցել 2013թ. Նախագահական ընտրություններին:
Ըստ հեղինակների, այս մարդկանց ոգին կոտրել չի հաջողվել, քանի որ անգամ ճաղերի հետևում նրանք շարունակում են իրենց գործունեությունը:
«Մեզնից շատերն, ովքեր ազատ են արձակվել, չեն կարողանում ամբողջապես վայելել այդ ազատությունը, մինչև որ չազատվեն բոլոր քաղբանտարկյալները: Երկրում պետք է լինի օրենքի գերակայություն, և քրեական մեղադրանքները չպետք է օգտագործվեն քաղաքական դրդապատճառները ծածկելու համար»:
Հոդվածում նշվում է, որ Ռասուլ Ջաֆարովի ներումից մի քանի ժամ առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա ազատազրկումը որակավորեց որպես «քաղաքականորեն պատճառաբանված»: Նույնը սպասվում է նաև Ալիևին, ում գործն այժմ ՄԻԵԴ-ում է: Սակայն հեղինակը համարում է, որ այս ամենը տեսական բնույթ ունի, քանի որ Մամադովի ազատազրկումը դեռևս 2014թ. մայիսին անօրինական էր որակվել, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց այդ դատավճռին:
Ազատ արձակված քաղբանտարկյալներից յուրաքանչյուրն ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտներում: Այդ գործունեությունները գործող ժողովրդավարության դեպքում կատարելապես օրինական են:
«Միայն այն դեպքում, երբ ադրբեջանցի բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեն, կլինի համապատասխան հարգանք օրենքի գերակայության հանդեպ, իսկ հասարակական կազմակերպություններն ազատ կլինեն իրենց գործունեությունը ծավալել, հնարավոր կլինի համարել, որ Ադրբեջանը գործող ժողովրդավարական երկիր է»: