Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը. Արփինե Հովհաննիսյան
Ընտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը կրկնեց իշխանությունների կողմից բազմիցս արված հայտարարություններն այն մասին, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ որ պաշտոնական տեսքով դրանք կարող են հրապարակվել և համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարկման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն:
Միաժամանակ, ըստ նախարարի, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում, ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին:
«Ակնհայտ է, որ այս ձևակերպումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման և ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջև: Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության և հասանելիության համար», -հավելեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան