Երկարատև դադարից հետո Օպերային թատրոնում կներկայացվի «Նորմա»-ն
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 4-ին երկարատև դադարից հետո կներկայացվի Վինչենցո Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ աշխարհահռչակ օպերան, որը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:
«Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը /Ռուսաստան/, դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն /Իտալիա/: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Նորմա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյան և Դիանա Հարությունյանը, Օրովեզո՝ Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան, Հովհաննես Ներսեսյան, Կլոտիլդա՝ Ռոզա Հովսեփյան, Արևիկ Գյուլբուդաղյան, Սոնա Վարպետյան, Պոլիոն՝ Սարգիս Աղամալյան, Հովհաննես Նազարյան, Լիպարիտ Ավետիսյան: Լիբրետոն՝ Ֆ. Ռոմանիի, ըստ Լ. Սումեի համանուն վեպի մոտիվների:
Նախքան փորձը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նորմայի դերակատարներից Մարինե Դեինյանը նախ խոստովանեց, որ Նորմայի կերպարը բավականին բարդ է, էմոցիոնալ, «Նորմա»-ն ձայնային առումով համարվում է ամենաբարդ օպերաներից մեկը:
«Գեղամ Գրիգորյանը պլանավորել էր՝ մեր թատրոնում կրկին պետք է ներկայացվի «Նորմա»-ն: Հիմա, որ երգում եմ, դահլիճում իրեն են փնտրում, ամբողջ ընթացքում իր ձայնն է ականջիս՝ լավ է այդպես, կամ՝ այդպես պետք չէ անել»,- ասաց երգչուհին:
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն նշեց, որ թեև իրեն բախտ վիճակված չէր երկար աշխատել Գեղամ Գրիգորյանի հետ, սակայն այս կարճ ժամանակում էլ հասցրել է շատ բան սովորել մեծագույն արտիստից:
«Նա միշտ կմնա իմ հիշողություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են և ամեն ինչ անելու են, որ «Նորմա»-ն ներկայացնեն այնպես, ինչպես պատկերակցում էր Գեղամ Գրիգորյանը:
Ջանլուկա Մարչիանոյի խոսքով, մեծ աշխատանք են կատարել, շատ լավ արտիստներ են ներգրավված ներկայացման մեջ:
Վինչենցո Բելլինիի «Նորմա» քնարերգական ողբերգության առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան համարվում է Վ. Բելլինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև բելկանտո ոճի երաժշտության անկյունաքարերից մեկն է։ Բելլինին մի առիթով ասել է. «Եթե նավաբեկություն լիներ, ապա իմ օպերաներից միակը, որն անհրաժեշտ էր փրկել «Նորման» է»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տասնամյակներ շարունակ Նորմայի դերում հանդես է եկել մեծանուն օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը: Երևանում «Նորմա» օպերան ունեցել է երկու բեմադրություն՝ 1975 և 2001 թթ.: