Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
«Գլոբալնիե կոմունիկացիի» ռուսական ընկերությունը պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել իտալացի երգիչ Էրոս Ռամազոտիից՝ Ռուսաստանում համերգը չեղյալ հայտարարելու համար: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության փաստաբան Վալերի Պանասյուկի խոսքը:
«Մենք պատրաստվում են հայց ներկայացնել Մոսկվայի արբիտրաժային դատարան: Այս պահին հաշվարկված է 1.5 մլն եվրո, հետագայում մենք նախատեսում ենք ավելացնել գումարը, քան որ շրջագայության ընթացքում համերգներ էին նախատեսված 10 քաղաքներում: Հիմա մենք հաշվում ենք ծախսերը»,-ասել է ընկերության իրավաբանը:
Նա մանրամասնել է, որ գումարում ներառված են Տալինում, Երևանում, Մոսկվայում նախատեսված համերգների, որոնք չեղարկվել են, կատարած ծախսերը: Ռուսաստանի տարածքում հետագայում նախատեսված է Ռամազոտիի մոտ մեկ տասնյակ համերգներ, եթե նա դրանք էլ բաց թողնի, ապա գումարը կհասնի 5 մլն եվրոյի:
«Մենք զգալի ծախսեր ենք կատարել: Նաև այն հոնորարները, որոնք վճարել ենք Ռամազոտիին: Դա էլ ենք ցանկանում վերադարձնել, հիմա հաշվում ենք մեր կրած վնասները: Ռամազոտին շատ մեծ փողեր է ստացել, սակայն չի եկել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով, հայց է ներկայացվելու երգչի պաշտոնական ներկայացուցչի դեմ:
Ռուսական այս ընկերությունը մտադիր է 2 մլն եվրոյի հայց ներկայացնել նաև Trident Music-ի դեմ, որ Ռամազոտիի համերգի գործընկերն է:
Ռամազոտիի երևանյան համերգի ներկայացուցիչ Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանի տարածած վերջին հայտարարություն մեջ, որը տարածել է կեսգիշեր անց, նշվում է, որ ինքը Global Communications-ի կողմից համերգային ծրագրի չեղարկման վերաբերյալ պաշտոնական գրությունը ստացվել է երեկ:
«Global Communications ընկերությունը պարտավորվում է դատական կարգով պահանջել՝ Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող RADIORAMA S.R.L.-ի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված բոլոր վնասների փոխհատուցում»,-երևանյան ընկերության տնօրենին ուղղված նամակում հայտնել է ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Ագապովը:
Զ. Մխեյանը տարածած հայտարարության մեջ նշել է, որ պատվիրատուն պարտավորվում է փոխհատուցել համերգային ծրագրերի չեղարկման արդյունքում պատճառված բոլոր վնասները:
«Իսկ FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունն իրենց հերթին պարտավորվում են փոխհատուցել չեղյալ հայտարարված համերգային ծրագրի տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական միջոցները` Global Communications-ի կողմից իրենց կրած վնասների փոխհատուցումը ստանալուն պես:
FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը հայտարարում են, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որևէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն: Տոմսերի դիմաց դրամական փոխհատուցումները կկատարվեն FORPOSTART PRODUCTION-ի և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերության կողմից:
Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը` դրանց ետ վերադարձման համար»,-նշված է հայտարարության մեջ:
Շեշտենք, որ panorama.am-ը մատնանշել էր հանրային գովազդից բխող՝ FORPOSTART PRODUCTION-ի պարտավորությունները։ Անկախ այն բանից, թե ընկերությունը ինչ պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ, հանրային գովազդը նրան դարձնում է պատասխանատու։ Հիշեցնենք՝ պայմանագրի ուժը չի կարող լինել ավելին, քան օրենքինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է