Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ:
Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:
Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները:
Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:
Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին