Արցախի հյուսիսային հատվածներում իրավիճակը լարված է, բայց վերահսկելի է. Դավիթ Բաբայան
Իրավիճակը դեռևս սահմանի որոշ կետերում, հիմնականում հյուսիսային հատվածներում, բավականին լարված է, բայց վերահսկելի է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հակահարված է տալիս մեր սահմաններին սպառնացող թշնամուն: Թշնամին, իհարկե, փորձում է լարվածությունը պահպանել, բայց պաշտպանության բանակը տալիս է համապատասխան և ուժգին հակահարված», -հավելեց Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե արդյոք ղարաբաղյան կողմն ունի տվյալներ, թե որքան կորուստ է կրել ադրբեջանական կողմը, Բաբայանը պատասխանեց, որ նրանց կորուստների թիվը «շատ է»:
«Կորցրել են երկու ուղղաթիռ, տանկեր, այլ տեխնիկա ու ահագին, տասնյակից ավելի զոհեր, հարյուրի հասնող վիրավորներ»,- նկատեց Արցախի նախագահի խոսնակը:
Հայկական կողմից զոհերի ու վիրավորների վերջնական թիվ դեռ չկա: Նրա խոսքով, տվյալները դեռ ճշտվում են:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին:
Հաստատված տվյալներով, ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան