«Հրազդան-ցեմենտը» կազատվի 510 մլն դրամի պարտավորություններից. «168 Ժամ»
«Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով:
«168 Ժամ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Էկոնոմիակայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է, որ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով , ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա՝ արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ, և 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ:
Թերթը հիշեցնում է, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացավ փակվեցին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:
«Ա. Մինասյանը հայտարարեց, որ քաղաքական որևէ խնդիր չի տեսնում Բաղդասարովի ձեռնարկությունների սնանկացման հարցում, և որպես էկոնոմիկայի նախարար՝ իրեն հետաքրքրում է միայն, թե ձեռնարկությունն ինչ է ստեղծում, իսկ բաժնետերերի և շուկայի վրա ազդեցության հարցերը մրցակցության խնդիրներ են»,-հավելել է թերթը: