ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: