ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: