ՀԱԿ. Արտաքին ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը
«Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ և երկուստեք մարդկային կորուստներով։
Տևական, սակայն, միայն զինադադարի վրա հենված լինելով՝ անկայուն խաղաղությունը, այս անգամ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններով, կանգնած է խզման վտանգի առջև»,-այս մասին հայտարարել է ՀԱԿ-ը:
Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները և հայտարարում.
«Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից և տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե և ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բանակը պետք է վստահ լինեն, որ արտաքին ամեն կարգի ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը։
Ադրբեջանի համապատասխան շրջանակները, նույնպես, սեփական փորձից, կարող են վստահ լինել, որ ներքաղաքական որևէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում, և ագրեսիա իրականացնելիս հաշվարկներ անել դրա վրա»:
Հայտարարություն է տարածել նաև ՍԴՀԿ Մամլո դիվանը, որտեղ ասված է. «Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և ապտակ միջազգային հանրությանը: Դրա հետ միասին, մենք վստահ ենք, որ Արցախի Զինված Ուժերի պատասխան գործողությունների հետևանքները դեռևս երկար են անդրադառնալու թշնամի երկրի բարոյական և քաղաքական իրավիճակի վրա: Մենք գործ ունենք ակնհայտ ագրեսիայի հետ, որին պետք է տրվի և տրվում է անհամաչափ պատասխան:
ՍԴՀԿ-ն նաև վստահ է, որ Ադրբեջանի լկտի գործողությունները համաձայնեցված են եղել Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև՝ ընդհանրապես տարածարջանում վիճակը լարելու համար: Սա ցույց է տալիս, որ թե՛ Բաքուն և թե՛ Անկարան վտանգ են ներկայացնում միջազգային հանրության և, ընդհանրապես, առաջադեմ մարդկության համար:
Հնչակյան կուսակցությունը նաև արձանագրում է, որ իր առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ է հնարավորինս ներդնել Արցախի անվտանգության և պաշտպանության գործին»:
«Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման և խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեցնել հարձակում գործող կողմի համար անկանխատեսելի կործանարար
հետևանքների:
Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներն են կրում ողջ պատասխանատվությունը 1994 թվականի զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների համար:
«Ժառանգություն» կուսակցությունը`
• Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու գործողությունը:
• Կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել` զսպելու Ադրբեջանի Հանրապետության ագրեսիվ ցանկությունը տարածաշրջանում անկայունություն հարուցելու:
• Կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և օժանդակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը ապահովելու գործում:
• Կոչ է անում ողջ հայությանը համախմբել իր ուժերը և միասնական գործողություններով, ըստ անհրաժեշտության, պաշտպան կանգնել իր հայրենիքին»: