Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ օրեր առաջ արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80 տոկոսը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ:
«Էրմենիհաբեր»-ը, վակայակոչելով թուրքական «T24» լրատվական կայքին, տեղեկացնում է, որ եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները սկսել են աշխատել այս ուղղությամբ և բողոքարկման դիմում կներկայացնեն դատարան:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փաստաբաններից Ալի Էլբեյօղլուն իր հերթին նշելով, որ նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է ուղղել նույն խորհրդի նոր որոշմամբ, հավելել է. «Սակայն սա չպետք է թողնել վարչակարգի հայեցողությանը: Մենք պետք է իրավական գործընթացի շրջանակներում դատարան դիմենք»:
Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,-ասել է փաստաբանը:
Ըստ աղբյուրի, նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տնօրեն Ադնան Էրթեմը հայկական «Ակոս» թերթին պարզաբանումներ է տվել Սբ. Կիրակոս եկեղեցու շտապ պետականացման վերաբերյալ:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ այդ որոշումը ուղղված է պատմական շինությունների պահպանմանը: Ըստ Էրթեմի` որոշումը պատմական շինությունների շրջակայքում իրականացված ապօրինի կառուցապատումից ազատվելու իրավասություն է տալու, ինչը թույլ կտա ապահովել այդ շինությունների տեսանելիությունը:
Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին պետականացվել է
- Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան