Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է
Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը՝ այսօր, Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:
Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:
Qahana.am-ը գրում է, որ Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ.Կարապետի վանքը: Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այսօր, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գեղարքունիքի թեմ կտեղափոխվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:
Սրբազան մասունքը նախ տարվել է Գավառ քաղաքի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցի, այնուհետև հոգևորականաց դասի և ժողովրդի թափորով ժամը 10:30-ին տեղափոխվել է Ս. Կարապետ եկեղեցի, որտեղ մատուցվել է Ս. Պատարագ:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, կկատարվի Անդաստանի արարողություն, որի ժամանակ մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Տեղի կունենա նաև մատաղի օրհնություն:
Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա ստանալու մասունքից ճառագող օրհնությունը: