ՌԱԿ-ը դիմում է քաղաքակիրթ պետություններին` սկսելու Արցախի ճանաչման գործընթացը
Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչությունը տարածել է հայտարարություն: Կուսակցությունը նշում է, որ հայրենիքի համար ստեղծված այս դժվարին պահին ՌԱԿ-ը սատարում է հայրենի իշխանություններին:
Հայտարարության մեջ ասված է.
«Տևական ժամանակ բարձր լարվածության և պարբերաբար բռնկուն վիճակի մեջ պահելով Արցախի և ՀՀ- ի հետ սահմանային գիծը, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց սահմանային ամբողջ երկայնքով՝ նպատակ ունենալով փոխել 1994 թ.-ի զինադադարից ի վեր ստեղծված ստատուս քվոն:
Նավթի գների անկման պայմաններում տնտեսական, ֆինանսական ու ռազմաքաղաքական կորուստներ կրող Ադրբեջանը փորձում է իր պետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը թաքցնել սահմանին նմանատիպ արկածախնդրություններ կազմակերպելու միջոցով:
Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան Ռամկավար Ազատական կուսակցությունը գնահատում է որպես ահաբեկչություն, որն իրականացվում է խաղաղ բնակչության դեմ։ ՌԱԿ-ը իր Հայաստանյան և Սփյուռքյան կառույցների հետ միասին սատարում են Արցախի ղեկավարությանը` ադրբեջանական ագրեսիայի դեմ մղվող պայքարում։
Ադրբեջանական հակահայ այս ագրեսիայի դիմաց հայ ժողովուրդը թե Արցախում, և թե ՀՀ-ում դրսեւորեց իրեն արժանի եւ արժանապատիվ կեցվածքով՝ միասնական ու վճռական, ռազմաճակատի ողջ երկայնքով թշնամուն դիմակայող հայ զինվորի ու զորահրամանատարի գլխավորությամբ, նախահարձակ հակառակորդի դիմաց իր
հավաքական կամքը և զոհողության ոգին ցուցաբերող ազգաբնակչությամբ։
Այս կացության դիմաց Սփյուռքը իր զորաշարժն է սկսում իր բոլոր ուժերով, իր կուսակցական, լոբբիստական, ազգային, եկեղեցական, քարոզչական ներուժով, նաև համաժողովրդական-հրապարակային դրսևորումներով։
Հենց այսօր սփյուռքահայ մեր կառույցները` Ռամկավար Ազատական կուսակցության շրջանակները, անհրաժեշտորեն ու հրատապ շարժման մեջ են դնում սփյուռքահայությանը՝ միջազգային կազմակերպությունների, համապատասխան երկրների կառավարությունների և առաջին հերթին թուրքական և ադրբեջանական դեսպանությունների ու ներկայացուցչությունների դիմաց՝ ցույցերով, հանրահավաքներով, բողոքի տարբեր գործողություններով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը չեզոքացնելու և հայկական տեսակետները տարածելու համար։
ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչով դիմում է աշխարհի քաղաքակիրթ պետություններին` սկսելու Արցախի ճանաչման գործընթացը, ինչը նրանց ներդրումը կլինի նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Ադրբեջանի հարձակումների զսպման գործում։
Հայրենիքի համար ստեղծված այս դժվարին պահին ՌԱԿ-ը սատարում է հայրենի իշխանություններին և պետության գերագույն գլխավոր հրամանատարին Ադրբեջանական ագրեսիան զսպելու և ապա այն ոչնչացնելու գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան