Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար
Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին: Այդ մասին «Արցախպրես»-ին այսօր տեղեկացրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
«Շրջվարչակազմում ապրիլի 2-ին ստեղծվել է քաղպաշտպանության օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Լսելով սահմանում իրավիճակի աննախադեպ իրադարձությունների մասին՝ շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են եկել շրջկենտրոն և դիմել զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում Քաղպաշտպանության շտաբն ու զինկոմիսարիատն աշխատել են արտահերթ ռեժիմով: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ են մեկնել կամավորներ: Այս պահին էլ զինկոմիսարիատի մոտ շատ են սահման մեկնել ցանկացողները»,- ասել է Ըռքոյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը և ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին:
«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել էր վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան