Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների. ԼՂՀ ԱԺ
Ապրիլի 2-ին Արցախի խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն է ունցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ.
Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակավայրերին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում անմեղ երեխաներ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլև հարված են միջազգային անվտանգության համակարգին:
ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների և հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը,
- համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջև՝ շարունակում է ոգևորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,
- փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև նրան սատարող ուժերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան