Իրանցի խորհրդարանական. Իրանը ԼՂ հակամարտության հարցում անկողմնակալ դիրքորոշում ունի
«Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև ԻԻՀ ԱԳՆ Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի գլխավոր քարտուղարը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Էբրահիմ Աղամոհամմադին «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱԳ նախարարության ներկայուցուցիչը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի անկողմնակալ դիրքորոշում:
«Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման և ԱԳ նախարարությունները միջնորդական առաքելություն իրականացնելու և շարունակվող բախումները դադարեցնելու ուղղությամբ խորհրդակցություններ են անցկացրել»,-հավելել է իրանցի խորհրդարանականը:
Հավելենք նաև, որ Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ (Դեհղանը նախօրեին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ):
Համաձայն հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:
«Հեռախոսազրույցի ընթացքում Հոսեյն Դեհղանը Բաքվին և Երևանին զսպվածության և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել: Իրանը ճգնաժամի թուլացմանն աջակցելու հարցում ոչ մի ջանք չի խնայի»,-նշված է Իրանի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան