Ֆեդերիկա Մոգերինի. Հակամարտությունը պահանջում է համապարփակ և խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծում
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր առավոտյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված։
Մոգերինին կոչ է արել իրականացնել բռնությունների անհապաղ դե-էսկալացիա, դադարեցնել թիրախավորել քաղաքացիական անձանց և բոլոր կողմերից խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։
Բարձր ներկայացուցիչը վերահաստատել է, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Հակամարտությունը պահանջում է համապարփակ և խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծում։
Ֆեդերիկա Մոգերինին մեկ անգամ ևս վերահաստատել է, ինչպես արել էր Բաքու և Երևան իր վերջին այցերի ժամանակ, որ Եվրամիությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա երեք համանախագահների ջանքերին՝ կոչ անելով երկու կողմերին՝ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։
Այս համատեքստում, ԵՄ բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն հաջող բանակցությունների համար արդյունավետ միջավայր ստեղծելու համար՝ ներառյալ խուսափելով այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի բարդացնել առանց այդ էլ բարդ միջավայրը։
Ինչպես նշվում է ԵՄ կայքում, բարձր նեկայացուցիչը անձնապես սերտ շփման մեջ կլինի Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ, ինչպես նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Twitter ցանցում առ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում կլինեն ապրիլի 9-ին` Նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներ ունենալու նպատակով։
«Հաստատում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ։ Ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ», - ռուսական Ինտերֆաքս գործակալության հարցին ի պատասխան ասել էր ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Անի Սարգսյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ։ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ
— Ani Sargsyan (@anie_sarg) April 5, 2016
#ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն #Երևան: Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը: Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ:
— MFA of Armenia (@MFAofArmenia) April 5, 2016
ԵԱԽՀ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, որը որոշակի խախտումներով եւ լարվածության բռնկումներով պահպանվել է մինչեւ 2016թ. ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններով։
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել բանաձեւը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ: Ադրբեջանը սակայն բազմիցս մերժել է այս առաջարկները: