Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը չորս նպատակ կարող է հետապնդել. Տ. Աբրահամյան
«Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը նվազագույնը 4 նպատակ կարող է հետապնդել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա, առաջին՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի սահմանի հայկական գյուղերը բավականին մոտ են «ակտիվության օջախին»:
«Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է շեղել հայկական զինուժի ուշադրությունը հիմնական հարվածային ուղղությունից:
Երրորդ՝ Ադրբեջանը «ստիպում» է Հայաստանին իր ողջ ռեսուրսները չուղղել Արցախ՝ ուժեր կուտակել նաև Տավուշի հատվածում:
Չորրորդ՝ չի բացառվում, որ Ադրբեջանը դիտարկում է նաև «երկրորդ» (Տավուշ), հետագայում նաև «երրորդ ճակատի» (Նախիջևան) բացման հնարավորությունը: Համենայդեպս, արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև Տավուշի ուղղությամբ որոշակի կուտակումների մասին»,- գրել է փորձագետ Տ.Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):
: