Խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր կռվի. Շարմազանով
Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ևս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը՝ անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ շարմազանովը:
Նրա խոսքով, այս օրերին հայ ժողովուրդն ապացուցել է, որ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը:
«Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. ուզում ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Նայելով քեզ, հա՛յ երիտասարդություն՝ ես վարդագույն լավատեսությամբ եմ լցվում: Դու քո հայրենիքի հերոսական պաշտպանությամբ ապացուցեցիր, որ այսօր դու ավելի լուսավոր ես քան երեկ, վաղը ավելի լուսավոր ես լինելու, քան այսօր», -հավելեց նա:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ այս պատերազմում Ադրբեջանի պաշտպանն է Թուրքիան:
«20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, և, ավաղ, խաղաղության խոսքը մեր որոշ հարևանների համար շարունակում է մնալ ձայն բարբառոյ յանապատի: Եվ այս պայմաններում մեզ մնում է առաջնորդվել հայտնի սկզբունքով՝ խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր կռվի:
Մեր հերոս տղաների քաջագործություններն ապացուցեցին, որ հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիք չէ, այլ նրանց հրամայողը: Մենք ապացուցեցինք, որ բարոյական ուժն է, նախ և առաջ, գոտեպնդում մեզ դեպի նոր հաջողություններ, քանի որ գիտակցում ենք, որ հայրենասիրությունն է մարդկային առաքելությունների թագն ու պսակը: Խոսքս ուզում եմ ավարտել հանճարեղ Նժդեհի խոսքերով. «Պիտի ապրի հայ ժողովուրդը, պիտի ապրի, որովհետև այդպես է ուզում ինքը», -հավելեց խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան