Ի՞նչ է այսօր Ադրբեջանի արածը, եթե ոչ փորձ` զենքի ուժով գրավելու Հայաստանը. Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի ամբիոնից բազմիցս հնչած և հնչող դատապարտող հայտարարությունները որևէ ազդեցություն չեն թողնում ոչ միայն ավտորիտար ռեժիմների ու նրանց ռազմական նկրտումների, այլ նաև միջազգային հանրության վրա, որն Ադրբեջանի կողմից պատերազմական յուրաքանչյուր գործողությունից հետո իսկույն հավասարության նշան է դնում և «կողմերի՛ն է կոչ անում» դադարեցնել զինված բախումները: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ անցնող տարիներին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ, որը անհեռատես քաղաքականության հետևանքով մերժվել է:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը հիմնականում մերժել են հետևյալ պատճառաբանությամբ` ընթանում է բանակցային գործընթաց և եթե ճանաչենք Արցախը, ապա բանակցային գործընթացը կտապալվի, և Ադրբեջանը կարող է փորձել զենքի ուժով լուծել հակամարտությունը:
Այժմ հարցադրում ուղղեմ այդ խոսքերի հեղինակներին` ի՞նչ է այսօր Ադրբեջանի արածը, եթե ոչ փորձ` զենքի ուժով գրավելու Հայաստանը: Մի՞թե Հայաստանը պաշտոնապես հայտարարել էր Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին, ցավոք` ոչ, այնինչ Ադրբեջանն արդեն ուղղակի զինված ագրեսիա է իրագործում` օգտագործելով իբրև թե մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությունից գնած միլիարդավոր դոլարների զանգվածային ոչնչացման սպառազինությունը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը քաղաքական օրակարգ կներառվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների:
Ապրիլի 1-ից Ադրբեջանը դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի, հետևաբար` գոնե այս կարևոր հարցում համարձակություն ունեցեք տեր կանգնել ձեր խոսքին և Հայաստանի քաղաքական օրակարգ ներառել Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը, որը չունի այլընտրանք», -հայտարարեց Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան