Մարկ Թոներ. ԼՂ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա
ԱՄՆ Պետքարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը և կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից ու հետագա զարգացումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։
Թոները մասնավորապես վկայակոչել է հակամարտության լարվածության կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ մտահոգված ենք բռնություների աճի կապակցությամբ: Վերջին հաշվով, երկու պետությունների ղեկավարները՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսևորեն հրադադարի մասին համաձայնության և հարատև խաղաղության հասնելու համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ պատրաստ ենք ջանքեր ներդնել երկու կողմերին բանակցային գործընթացում կրկին ներգրավելու համար»,- հայտարարել է Թոները։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով Պետքարտուղարության ներկայացուցիչը մի քանի անգամ է անդրադարձել Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներին, որպես առաջնային խնդիր առանձնացնելով բռնություների դադարեցումը:
Մարկ Թոները հերթական անգամ հնչեցրել է հակամարտության՝ քաղաքական կարգավորման տարբերակները, որոնք ընդունելի են Միացյալ Նահանգների՝ որպես միջնորդ երկրի կողմից։
«Մենք լիապես աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին, համանախագահների միջոնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ արդարացի լուծում գտնելու համար: Այն հիմնված է լինելու միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության Հելսինկյան ակտի՝ ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Թոները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան