
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Այս մասին տեղականում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:
Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը:
Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով:
Նույնաբովանդակ տեղեկատվության կա նաև ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում՝ հավելմամբ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ աղբյուրի, մանրամասնորեն քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը: Լուրջ մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական հարձակումների առնչությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել, Պուտինը երկու կողմերին կոչ է արել անհապաղ ապահովել ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում և հրադադարի պահպանում: