«Независимая газета». Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ միջազգային ճանաչում
ԼՂ հակամարտության գոտում իրադրության հետագա սրման պարագայում Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ միջազգային ճանաչում: Մեջբերելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքերը այս մասին գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
«Հատուկ շեշտադրումներ հնչեցին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարության մեջ, ով նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնախնդրի կարգավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ազգերի ինքնորոշման իրավունքը:
Մեկնաբանելով «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) ստեղծված իրավիճակը», նա նշեց, որ Վաշինգտոնը պնդում է միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Դա ենթադրում է նաև ուժի չկիրառման սկզբունքի պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
«Ազգերի ինքնորոշման իրավունքի» թեզը ԼՂՀ-ի համատեքստում երբեք այսպիսի շեշտադրված չէր եղել Վաշինգտոնի ներկայացուցչի խոսքում»,-նշում է հոդվածագիրը՝ շեշտելով, որ նման կերպ Վաշինգտոնը լուրջ նախազգուշացում է հղում Բաքվին:
Հեղինակը նաև ընդգծում է այն, որ ակնարկն արվել է չափազանց կոշտ տոնայնությամբ և կարող էր ազդել «ադրբեջանական կողմի տրամադրության վրա»: Այս տեսանկյունից մեջբերել է Վիենայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը:
Պարբերականը ներկայացրել է նաև հարցազրույց Երևանում իր զրուցակցի հետ, ըստ որի ներկայումս հայ հասարակությունը լիովին համախմբված է, իսկ ստեղծված իրավճակը հերթական անգամ ցույց տվեց ժողովրդի միասնականությունը: Ու այդ կապակցությամբ մատնանշել է հսկայական քանակությամբ կամավորականների առաջնագիծ մեկնելը: Իսկ առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ արյան պաշարները բավարար են, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրը հանձնվել է այնքան արյուն, որ այն պահելու տեղի խնդիր է առաջացել: Զրուցակիցը նաև նշում է, որ ավելորդ է խոսել սահման ուղարկվող մարդասիրական օգնության մասին. «Մարդիկ պատրաստ են, տալ այն ամենն ինչ ունեն»:
Անդրադառնալով պատերազմը վերսկսելու Ադրբեջանի շարժառիթներին պարբերականը գրում է, որ դրան Բաքվի ղեկավարությանը կարող է դրդել նաև տնտեսական ճգնաժամը: Ածխաջրածինների վաճառքից ստացված միջոցները ծախսվել են զենքի ձեռքբերման վրա, նավթի գներն ընկել են, ազգային արժույթ մանաթի ինքնարժեքը սասանվել է, բնակչության սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, իսկ բողոքավոր տրամադրությունները աճում և այս պայմաններում Ղարաբաղի հարցը հասարակության համար դառնում է միավորող: Սակայն, ըստ հեղինակի, եթե իսկապես Բաքուն ուներ նմանատիպ պլաններ դրանք հօդս են ցնդել, քանի որ ԼՂՀ-ի վրա հարձակումը խեղդվել է:
Հեղինակը նշում է, որ Բաքուն ամենայն հավանականությամբ հույս չուներ հասնել լիակատար ռազմական հաջողության: Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը հույս է ունեցել ետ վերցնել ԼՂՀ անվտանգության գոտու ինչ-որ մասը և հետագայում սկսվող բանակցություններում փորձել հասնել խնդրի կարգավորման իր պայմանների ընդունմանը՝ հասկացնելով, որ կարող է շարունակել ռազմական առաջխաղացումը:
Եզրափակելով՝ հոդվածագիրը նշում է, որ այս պահին դժվար է ասել թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, սակայն փորձագետների մեծամասնությունը, այդուամենայնիվ, հակված է մտածել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: