Օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցերը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: