Որևէ կառույց մեկ տասներորդ անգամ այս հաղթանակն իրավունք չունի կիսելու, բացի հայ ժողովրդից. Գինոսյան
«Այս ճակատամարտում հաղթեց հայ ազգը՝ չունենալով որևէ լուրջ աջակցություն: Որևէ կառույց մեկ տասներորդ անգամ այս հաղթանակն իրավունք չունի կիսելու, բացի հայ ժողովրդից: Ինչ-որ տեղ նման էր Սարդարապատի ճակատամարտին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից սկսված ռազմական գործողությունների և հայկական կողմից ստացած պատասխանների մասին:
Համեմատելով Արցախյան ազատամարտի հետ, նա նշեց, որ այս անգամ հայ ժողովրդի մեջ խանդավառություն կար. «Այն ժամանակ այլ մթնոլորտ էր, ժողովրդի որոշ հատված սկսեց արտագաղթել, հիմա հակառակն է՝ ներգաղթ է նկատվում: Սա ցույց է տալիս սեփական հայրենիքին տեր կանգնելու վճռականությունը»:
Ինչ վերաբերում է սպառազինությանը, նա նշեց, որ թեև հակառակորդն ավելի շատ էր զինված, սակայն հայ զինվորների ոգու, գաղափարի, մարտական հմտությունների շնորհիվ հակառակորդին պարտադրվեց կանգ առնել:
«Նրանք տեխնիկայի, զինամթերքի տեսանկյունից տասնյակ անգամ գերազանցում էին, բայց հարյուրապատիկ զիջում էին մարդկային ռեսուրսով՝ ոչ թե քանակով, այլ որակով: Ծիծաղի առարկա է, թե ինչ ուղղությամբ էին նրանց տգետ մասնագետները կրակում, մինչդեռ մեր հովիվը որսորդական հրացանով կարողանում է վնասել հակառակորդի անօդաչու թռչող սարքը»,- նշեց նա:
Գ. Գինոսյանը խոսելով կապիտան Արմենակ Ուրֆանյանի հերոսության մասին, նշեց, որ նա իսկական հայի, ճիշտ հայի նկարագիրն է, ով պատրաստ է ամեն ինչի, որ իր հայրենիքը, զինվորը չվտանգվի, ինքը վերցնի իր վրա նահատակության թիկնոցը: Ըստ նրա, նման այլ օրինակներ էլի կան:
Նա ասաց, որ հայկական դիվանագիտությունն այժմ պետք է կարողանա հայ զինվորների ոգին, համաժողովրդական խանդավառությունն օգտագործել. «Մեր դիվանագիտությունը պետք է համանախագահներին, միջազգային հանրությունը պարտադրի, հասկացնի, որ մեր խենթ զինվորներին չեն կարողանում պահել, սպասում են հրահանգի, եթե արժանի դիվանագիտական արդյունք չներկայացնեն, իրենք շարունակելու են առաջ գնալ, չեն կարող կանխել, եթե բավարար ձևով չհիմնավորեն այս հրադարարը, չեն կարող կանխել պատերազմի հետագա զարգացումները: Կոտրել այս խանդավառությունը և հերթական անգամ ասել հրադադար է, կոպիտ սխալ կլինի: Սխալ է դուրս գանք այն կարգավիճակով, ինչ 1994 թվականին»:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի ԶՈՒ զինվորների մասին. Նիկոլ Փաշինյան
- Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
- Ժամկետային զինծառայողը պատմում է, ինչպես է խոցել ադրբեջանական ուղղաթիռը