Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և կոչ անում միջազգային արձագանքի
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը panorama.am-ի խնդրանքով մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ վերջերս սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ:
«Ես դատապարտում եմ վերջերս տեղի ունեցած զարհուրելի սադրիչ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների երկայնքով, որոնք կազմակերպվել և իրականացվել էին Ադրբեջանի կառավարության կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
Ադրբեջանի բանակի կողմից իրականացրած լայնածավալ հարձակումը հարված է հասցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին: Հայերն ունեն իրավական, քաղաքական և բարոյական պարտականություն պաշտպանել Լեռնային Ղարաբաղը և այնտեղ ապրող ժողովրդին:
Իմ ցավակցությունն եմ հայտնում այն հայ ընտանիքներին, ում հարազատները զոհվեցին խաղաղ բնակչության դեմ իրականացրած այս հարձակումից, որի հետևանքով եղան զոհեր, այդ թվում երեխաներ:
Ես հանձն եմ առնում աշխատել հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների սկզբունքների հարգանքի ու պահպանման վրա:
Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը խախտեց 1994թ.-ի հրադադարի համաձայնագիրը և մեծ վտանգի տակ դրեց ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Միջազգային հանրությունը այլևս չպետք է աչք փակի հրադադարի խախտման շարունակական դեպքերի վրա: Այն ունի բարոյական պարտավորություն անհապաղ միջամտելու` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի երկայնքով արյունալի բախումներին վերջ դնելու համար:
Այս դիվանագիտական ջանքերը պետք է հիմնված լինեն “status quo ante” (վերջին դեպքերին նախորդած ստատուս քվոյի) իրավական և քաղաքական սկզբունքի վրա: Սա է այն քաղաքական ու իրավական դեղատոմսը, որը կարող է հանգեցնել կառուցողական և արդյունավետ դիվանագիտական արդյունքի: Միջազգային հանրությունը, և մասնավորապես ԵՄ-ն, իրենց բաժին քաղաքական պատասխանատվությունն են կրում, քանի որ նրանք այդպես էլ չուժեղացրեցին իրենց ջանքերը` հակամարտության ավելի բազմակողմանի և ժողովրդավար լուծումը գտնելու ուղղությամբ, որը համահունչ կլիներ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:
Այս չլուծված և «որբ մնացած» հակամարտությունը, որը քնած էր,
մի գիշերվա մեջ վերաճեց մղձավանջի` աղետալի հետևանքներով:
Միջազգային հանրությունը այլևս իրեն չի կարող թույլ տալ ժամանակ վատնել: Մենք բոլորս պետք է կառուցողական աշխատանք տանենք այս ճգնաժամի սրումը կանխելու համար և բոլորս պետք է ինտենսիվացնենք մեր ջանքերը` հակամարտությանը և կյանքերի կորուստին վերջ դնելու համար:
Միևնույն ժամանակ մենք պետք է օգնենք Ադրբեջանին, որ նա արագացնի իր բարեփոխումների գործընթացը, որպեսզի կարողանա կայացնել ժողովրդավար քաղաքական հասարակություն, որը հանդես կգա իր քաղաքացիների շահերից: Ադրբեջանում ժողովրդավար քաղաքական հասարակության հաստատումը կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի խնդրի իրական լուծումն ապահովող հիմնական պարամետրերից մեկը:
Դոկտոր Էլենի Թեոխարիուս
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ»
Հեղինակ՝ Նվարդ Չալիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան