Մայր Աթոռի թանգարաններում պահվող ցուցանմուշների 70-80 տոկոսը վերանորոգման կարիք ունեն. Տեր Ասողիկ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվում է 3000 ցուցանմուշ, որից 70-80 տոկոսը վերանորոգման կարիք ունեն, քանի որ բերվել են տարբեր վանքերից 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկված մասունքներ են: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Նա նշեց, որ ձեռագրերի վերանորոգման անհրաժեշտության դեպքում դիմում են Մատենադարանի ռեստավրացիոն բաժին, իսկ եկեղեցական մյուս իրերի դեպքում համագործակցում են այլ կառույցների հետ. «Օրինակ, գործվածքների դեպքում դրսից ենք մասնագետներ հրավիրում, համագործակցում ենք Էրմիտաժի հետ: Վերջերս լավ հարաբերություններ ենք հաստատվել Ճապոնիայում գործող գործվածքների վերանորոգման ինստիտուտի հետ: Այսօր Էջմիածնում արդյունավետ կերպով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո կատարվում են գործվածքային իրերի վերանորոգման աշխատանքներ»:
Տեր Ասողիկը տեղեկացրեց, որ շուտով հատուկ ցուցադրություն է կազմակերպվելու, ներկայացվելու են նորոգված իրերը, նաև փաստավավերագրական լուսանկարներ, թե ինչ տեսքով են ունեցել, երբ հայտնվել են իրենց մոտ, ինչ վիճակում են պահպանվել, վերանորոգումից հետո ինչ տեսք են ձեռք բերել: Նա նաև ասաց, որ շուտով ձեռնամուխ են լինելու մետաղյա իրերի մաքրման, վերանորոգման աշխատանքներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվում են բացառապես եկեղեցական իրեր, որոնք, ըստ Տեր Ասողիկի, աշխարհագրական, ժամանակագրական առումով շատ ընդգրկուն են՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր: Ամենահին ցուցանմուշը Նոյան տապանից մասունք է, որը հայոց եկեղեցում պահվում է 4-րդ դարից:
Մայր Աթոռի թանգարանային հավաքածուները, տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքով, համալրվում են նվիրատվությունների, գնումների միջոցով:
«Եթե մեր միջոցները չեն բավարարում, դիմում ենք եկեղեցու բարերարներին: Եկեղեցին ամեն ջանք գործադրում է, որ մեր մասունքները, որոնք շատ սակավ են, ձեռք բերվեն ու պահվեն մեր մշակութային հաստատություններում: Վերջին ժամանակներում չի եղել մի բան, որ մեզ ներկայացնեն, և մենք դրա համար միջոց չգտնենք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան