Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը՝ Չավուշօղլուին
Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել է Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ, քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Չավուշօղլուի՝ Ալիեւին սատարող հայտարարությունն Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է Հիտլերի եւ Մուսոլինիի եղբայրության կոչերը, որոնց ահաբեկչական քաղաքականությունը ձախողվել է:
«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին