Թեժ կետերում նախաձեռնությունը, կրակի վարման աստիճանը մեր վերահսկողության տակ է եղել. Սեյրան Օհանյան
Վերջին օրերի ռազմական գործողություններում ամբողջ հարվածը իրենց վրա վերցրեցին Պաշտպանության բանակի մարտական հերթապահությունում գտնվող ստորաբաժանումները:
Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին:
Նա ներկայացրեց հետևյալը.
«Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություններ, մեր հետախուզությունը մշտական աշխատանքի արդյունքում ուսումնասիրում է հակառակորդին, նրա կազմը, նրա հնարավոր գործողությունների բնույթը, առաջխաղացման բոլոր ուղղությունները և համապատասխան տեղեկատվություն է տրվում:
Պարզապես նման տեղեկատվության շրջանակներում, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անընդհատ տարբեր ոտնձգությունների, տարբեր դիվերսիոն հետախուզական գործողությունների, կրակի առկայության պայմաններում շատ դժվար է որոշել՝ որ ուղղությամբ և որտեղ կարող են լինել ոտնձգություններ, մանավանդ որ խոսքը լայնամասշտաբ դասական ոճի մարտական գործողություններին անցնելու մասին չէ:
Այդ պայմաններում Պաշտպանության բանակը իր վրա վերցրեց հարվածը ու կարծում եմ, արժանապատիվ կերպով իրականացրեց գործողությունը՝ պաշտպանական մարտի, պաշտպանական օպերացիայի համապատասխան պլանավորման բնույթի համաձայն:
Այն տեղերում, որտեղ ամենաթեժ գործողություններն են ընթացել, կարող եմ ասել, որ նույնիսկ չնչին պաշտպանական կոնֆիգուրացիայի խախտման պայմաններում նախաձեռնողականությունը, կրակի վարման աստիճանը մեր վերահսկողության տակ է եղել:
Այս պարագայում, մեր գնահատմամբ, հակառակորդը ոչ ռազմավարական, ոչ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել: Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ձեռքերում է՝ բոլորի հերոսությունների հաշվին: Բոլոր հերոսների հիշատակի առջև խոնարհվում ենք, նրանք բոլորն էլ մեզ հետ են լինելու ոգով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան