Ադրբեջանը ԻՊ-ից զինյալներ է հավաքագրում` Ղարաբաղում պատերազմելու համար. իտալական ԶԼՄ-ներ
Իտալական SpondaSud պարբերականը, մի շարք հրապարակումներով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ հայկական կողմի դեմ պայքարում են նաև անհայտ թվով զինյալներ, որոնց հավաքագրել են Սիրիայի և Իրաքի իսլամիստների շարքերից:
Պարբերականը նշում է, որ իսլամիստների հավաքագրմանը նպաստում է այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են հազարավոր ադրբեջանցիներ:
«Ադրբեջանցիները տարբերություն չեն դնում զինվորականների և քաղաքացիական անձանց միջև: Հիրավի, ծայրահեղ դաժանությունը, որը Բաքվի զինվորականները գործադրում են հայազգի քաղաքացիական անձանց նկատմամբ, հիշեցնում է այն, ինչ ամեն օր իրագործվում է Սիրիայում և Իրաքում»,-գրում է պարբերականը:
Որպես ապացույց` պարբերականը վկայակոչում է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում հայազգի մեծահասակ ընտանիքի սպանությունը և դիակների այլանդակումը:
Ներկայացնելով դեպքի մանրամասները` պարբերականը գրում է. «Միջազգային հանրությունը սովոր է տեսնել քաղաքացիական անձանց նկատմամբ նման տեսակի հանցագործություններ միայն իսլամիստ ահաբեկիչների կողմից: Սիրիայում իրականացվող մահապատիժները և այն, ինչ իրականացրել են ադրբեջանցի զինվորները Թալիշում, նույն բնույթն ունեն: Գրեթե նույն ձեռագիրը և սարսափելի նմանությունն առիթ է տալիս ենթադրելու, որ իսլամիստ ադրբեջանցիները հավաքագրվել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրականացնեն հայ ժողովրդի էթնիկ զտումներ»:
Բացի Թալիշում իրականացրած վայրագություններից, պարբերականը նաև ծավալուն անդրադարձել է կատարել ազգությամբ եզդի Սլոյան Քյարամի գլխատման դեպքին և մանրամասն նկարագրել է ադրբեջանցի զինվորների այդ վայրագությունը:
Վկայակոչելով թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին` պարբերականը գրում է, որ իսլամիստների դրոշի տակ պայքարող շուրջ 300 ադրբեջանցի զինյալ մահացել է, սակայն ավելի քան 2500 ադրբեջանցի իսլամիստ Սիրիայից և Իրաքից վերադարձել է Ադրբեջան:
«Հետևաբար` ոչինչ չի կարող խանգարել նախագահ Իլհամ Ալիևին ահաբեկիչներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի պայքարեն կանոնավոր բանակի հետ միասին: Թալիշ գյուղում զանգվածային սպանությունները և հայկական կողմից պայքարող ազգությամբ եզդի զինվորի գլխատումը ավելին են քան դրա վառ ապացույցը», - գրել է պարբերականը: