Զառա Ամատունի. Կարմիր Խաչը սպասում է կողմերի իշխանությունների քայլերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը լրացուցիչ պատվիրակներ է ուղարկել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
Կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում սովորաբար աշխատում է 15 մարդ, այս օրերին ԼՂՀ է ուղարկվել ևս երեք պատվիրակ, որից մեկը իրավաբժշկական փորձագետ է: Ամատունու խոսքով, անհրաժեշտության դեպքում նրանց թիվը կավելացվի: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են ուղարկվել բժշկական փաթեթներ:
«Այս պահին որևէ նորություն չունենք, քանի որ սպասում ենք իշխանությունների կողմից քայլերի, որպեսզի կարողանանք զբաղվել այն հարցերով, որոնք վերաբերում են սպանված զինվորների կամ անհայտ կորածներին: Այս պահին որևէ նորություն չունենք»,-ասաց նա:
Ամատունին նշեց, որ իրենց ձեռքի տակ, բացի պաշտոնապես հրապարակված տվյալներից, այլ տեղեկություններ չկան. «Մենք հետևում ենք իրավիճակին, միայն կողմերից հաստատում ստանալու դեպքում կարող ենք գործել: Առայժմ կողմերից ոչ մեկից հաստատում չենք ստացել»:
Ավելի վաղ ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ: Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը»:
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին ապրող բնակչությանը:
Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, նրանց ընտանիքներին սատարելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով սահմանի երկու կողմերում և շփման գծում գերեվարված անձանց տեղափոխմանն ու հայրենադարձմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին