ԼՂՀ դատախազությունը քրգործ է հարուցել ադրբեջանական ԶՈւ կողմից ռազմական գործողությունների և դրանց արդյունքների փաստերով
ԼՂՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 04.04.2016թ. ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն հանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ` քննարկելու 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների և դրանց արդյունքների փաստերով արդեն իսկ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական, կամայական գույքի ոչնչացում: Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր:
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածների հատկանիշներով: Միաժամանակ, ԼՂՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան