Ռուսալեզու մամուլի անդրադարձը արցախյան իրադարձություններին
Ռուսալեզու մամուլը, ինչպես և վերջին օրերին, շարունակում է անդրադառնալ Արցախում ստեղծված իրադրությանը: Նշենք, որ մեծամասամբ գերակայում են տեղեկատվական անդրադարձերը, որտեղ ներկայացվում են երկու կողմերի պաշտոնական տեղեկատվությունները, պարբերաբար շեշտվում է, որ կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:
Ղազախական «Новости Казахстан» պորտալը անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին նշում է, որ կողմերի ուժերը մեծ մասամբ հավասարազոր են և չնայած նրան, որ Ադրբեջանը ունի տեխնիկայի և կենդանի ուժի որոշակի առավելություն, սակայն դա բավարար չէ պատերազմում լիակատար հաղթանակի հասնելու համար: Կողմերն, ըստ հեղինակի, կարող են ակնկալել ինչ-որ դիրքերի մեկ-երկու հենակետի գրավում, մի քանի հարյուր մետր առաջխաղացում, բայց ոչ ավելին: Եվ այս «հաջողության» համար կողմերը ստիպված կլինեն վճարել բավական թանկ գին: Անդրադառնալով միջազգային ասպարեզում կողմերի առավելություններին, հեղինակը նշում է, որ եթե Բաքուն մեծ մասամբ հիմնվում է իր ածխաջրածնային պաշարների վրա, ապա Հայաստանին նշանակալի աջակցություն է ցուցաբերում հայկական սփյուռքը, որը նշանակալի ազդեցություն ունի ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում:
Ռուսական «mngz.ru» պորտալը մեջբերել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Սատանովսկու խոսքերն այն մասին, որ Հայկական կողմը բարոյապես գերազանցում է հակառակորդին, իսկ զինված ուժերը ավելի լավ են պատրաստված: Հոդվածագիրը, մեջբերելով նախօրեին Ստեփանակերտից հնչած այն տեսակետը, թե ղարաբաղյան կողմը կարող է պայթեցնել հակամարտությունից ընդամենը 50 կմ հեռավորության վրա գտնվող Բաքու-Ջեյհան նավթամուղը, հանդես է գալիս հարցադրմամբ, թե արդյոք դա պե՞տք է Բաքվին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ըստ հեղինակի, ռուսական կողմը ստիպված կլինի մտածել իր քաղաքացիների մասին: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան, «Миг-29» կործանիչների ավիացիոն խումբը, զենիթահրթիռային ստորաբաժանումները, որոնք զինված են «C-300» ՀՕՊ համակարգերով, և Հայաստանում հակամարտության ծագման պարագայում ՌԴ-ն արժանի հարված կհասցնի և կփակի Հայաստանի օդային սահմանը:
Ռուսական «Красная звезда» հանդեսը անդրադարձել է վերջին շրջանում միջազգային մի շարք խաղացողների կողմից՝ ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության վերաբերյալ կոչերին, ապա նշել է, որ այդ միջազգային խաղացողների մի մասը տարիներ շարունակ «յուղ էին լցնում» հակամարտության կրակի վրա:
ԼՂ հակամարտության վերջին սրացումներին է անդրադարձել նաև լեհական «Biznes Alert» պարբերականը, որի հրապարակումը ներկայացված է «Ино СМИ» պորտալում: Հեղինակը մասնավորապես նշում է, որ ԼՂ հակամարտության վերջին սրացման թոթափումը կդժվարանա ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության պատճառով: Բացի դրանից, ըստ հեղինակի, դրա վրա կարող են ազդել Ադրբեջանում առկա տնտեսական խնդիրները, որի բյուջեն նշանակալիորեն տուժել է նավթի գնանկման պատճառով: Բացի դրանից, Բաքուն ցանկանում է ստանալ միջազգային ֆինանսական օգնություն, իսկ ադրբեջանական մամուլում սկսել են տեղեկություններ հայտնվել այն մասին, որ ֆինանսական խնդիրների պատճառով վատթարացել է ադրբեջանական բանակի վիճակը: Ըստ հեղինակի, եթե սրան գումարում ենք հայկական կողմի մատնանշած ածխաջրածինների տարանցման վերաբերյալ հնարավոր խնդիրները ապա պատկերը ամբողջական է դառնում: Հեղինակը նշում է, որ պատերազմում բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսական զարգացման վրա, քանի որ կստիպի նրա դաշնակիցներին խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտել, փոխարենը՝ կբարձրանա հարձակման ենթարկված երկրի, Հայաստանի միջազգային վարկանիշը: Բացի դրանից Հայաստանում տեղի կունենա իշխանությունների շուրջ հասարակության կոնսոլիդացիա: Պատերազմը նկատելիորեն կվատացնի Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները և հնարավոր ինտեգրացիան: Անկում կապրի ածխաջրածինների տարանցման տեսանկյունից որպես հուսալի երկիր Ադրբեջանի վարկանիշը:
Հետաքրքրական է նաև նախօրեին ռուսական «Պրավդա» հանդեսում հայտնված հրեական «Նատիֆ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմական փորձագետ Յակոֆ Կեդմիի՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունը: Վերջինս նշում է, որ իր տպավորություններով պատերազմը կրում է հապճեպ, այլ ոչ թե պլանավորված բնույթ՝ շեշտելով, որ այն սանձազերծողները հույս ունեին խնդրի մեջ հետագայում ներքաշել նաև Ռուսաստանին: Փորձագետը նշում է, որ դրանում շահագրգռված են առաջին հերթին Թուրքիան և ԱՄՆ-ը: Անդրադառնալով բուն ռազմական գործողություններին, հանդեսի զրուցակիցը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը ի վիճակի չեն որևէ տարածք գրավել: Իր հերթին հայկական զինված ուժերը առաջ գնալու որևէ նկատառում չունեն: Թուրքիայի հնարավոր միջամտության վերաբերյալ, Կեդմին նշում է. «Որքանով ես գիտեմ հայերին և հայկական բանակին, նրանք քնում և երազում տեսնում են որպեսզի հայտնվեն թուրք զինվորներ: Այ դա նրանք իսկապես ուզում են: Հենց այդ ժամանակ նրանք կենաց ու մահու պայքար կմղեն թուրքերի դեմ»,- նշել է Կեդմին՝ հավելելով, որ Հայ ժողովուրդը չի մոռացել 1915թ.-ի Ցեղասպանությունը:
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականն էլ մեջբերելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքերը, նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրադրության հետագա սրման պարագայում Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ միջազգային ճանաչում:
Պատրաստեց՝ Կարեն Ղազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան