Մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը. ՀՀ վարչապետ
«Ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դ.Մեդվեդևը նշել է, որ նման տեղափոխություն տեղի է ունեցել, իրենց գործընկերները դիմել են նման առաջարկով:
«Հասկանում եմ, որ հայկական կողմը պատրաստվում էր, և նմանատիպ տեղափոխությունները երբեք դրական էմոցիաներ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, նախ և առաջ, լիովին կարող ենք գոյություն ունեցող հիմնական հարցերը քննարկել Մոսկվայում հանդիպման ժամանակ, եթե Դուք ընդունեք մեր հրավերը, առավել ևս, որ հարցեր են կուտակվել, կես տարի այդ հանդիպումները չեն անցկացվել:
Երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հաջորդ նիստն առանց որևէ հետաձգումների անցկացնել Երևանում (մենք պայմանավորվել ենք հաճախ հանդիպել, ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ): Իսկ այդ տեղափոխության պատճառները բավական հասկանալի են, որովհետև տեղի ունեցածն, անկասկած, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, և նաև դրա հետ է կապված իմ այցը»,- ասել է ՌԴ վարչապետը:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի և ներկայիս ստեղծված վիճակի մասին, նշել է, որ բավական ժամանակ են ծախսել, որպեսզի այդ երկխոսությունն ինտենսիվանա: «Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ իրավիճակ է 1994 թվականից ի վեր: Դա մեզ մղում է փնտրելու հնարավոր լուծումներ՝ գլխավորապես ուղղված խաղաղության, այն պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք ձեռք են բերվել այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հիմա ամենակարևորը խաղաղության պահպանումն է և հաղորդակցության հնարավորությունը: Կարող եք չկասկածել, որ այդ հարցով Ռուսաստանը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է Դ.Մեդվեդևը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Երևանում. ՌԴ վարչապետ
- ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը կարևորվել է 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը. ՀՀ վարչապետ
- Դեռևս որոշված չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա, թե ոչ
- Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները. ՌԴ վարչապետ
- Սերժ Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ
- Մեդվեդևի այցը Երևան կկայանա. Վարչապետի խոսնակ
- Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է. РБК
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան