Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է. ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
Մարտական գործողությունների առաջին իսկ օրերից բուժծառայությունը ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ ներկայացնելով վերջին օրերին բուժծառայության ոլորտում կատարած աշխատանքները:
Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր օր կատարվել է աշխատանքի վերլուծություն, յուրաքանչյուր զինծառայող կրակի տակից դուրս է բերվել մեր բժշկական անձնակազմի կողմից:
«Բժիշկների խիզախությունն անգնահատելի է, և նրանց կատարած աշխատանքի շնորհիվ հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան մեկ դեպք, նա ստացել էր բազմաթիվ բեկորային վիրավորում: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում: Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է: Նման բնույթի մարտական գործողությունների ժամանակ սա աննախադեպ ցուցանիշ է: Բուժծառայության կողմից կատարված աշխատանքը համահունչ է եղել մեր զինվորի հզոր կերպարին, որն ամբողջ էությամբ ընգրկվել է հայրենի հողի պաշտպանությանը»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ երեկ երբ բժիշկները փորձել են դուրս բերել վիրավոր զինծառայողին, հակառակորդի կողմից ստորաբար ոչնչացվել է սանիտարական մեքենաներից մեկը, որի վրա առկա է եղել կարմիր խաչի նշանը: Իսկ միջազգային կոնվենցիայով արգելված է կարմիր խաչի վրա կրակել. «Մինչդեռ հակառակորդը գնացել է այդ ստոր քայլին, որի արդյունքում ունեցել ենք մեկ մեքենայի կորուստ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստ չենք ունեցել»:
Գնդապետը նշեց, որ մեկ ժամում բոլոր վիրավորները գտնվել են կայազորային հոսպիտալներում, որտեղ ստացել են լուրջ մասնագիտական օգնություն:
Ըստ նրա՝ միջազգային և համաշխարհային բանակներում չկա հասկացողություն՝ առաջնագծում կատարել պլաստիկ վիրահատություններ ու փրկել վիրավորի վերջույթը, բայց մեր մասնագետների պատրաստվածությունն այնքան լավ է կազմակերպված եղել, որ մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պայմաններում կարողացել են պլաստիկ վիրահատություն կատարել:
«Այսինքն՝ չենք շարժվել նախկին մոտեցումներով, որ վիրավորվել է, ապա կյանքը փրկելու համար լավագույն դեպքում հեռացնենք ստորին վերջույթը: Պայքարը գնում է ոչ միայն վիրավորի կյանքը փրկելու համար, այլ նաև՝ հետագա հաշմանդամությունը կանխելու: Մենք կարողացել ենք այդ պայմաններում կատարել երկու պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում ստորին վերջույթները պահպանվել են»,- ասաց Կ.Խաչատրյանը՝ հավելելով, որ հնարավորության սահմաններում փորձում են կանխել բոլոր տեսակի ամպուտացիաները հաշմանդամների թիվը չավելացնելու համար: Ընդհանուր առմամբ՝ անդամահատել են 4 վիրավորի:
Նրա խոսքերով՝ մարտական գործողություններից ընդամենը 6 ժամվա ընթացքում բոլոր հոսպիտալներն ուժեղացվել են և ստեղծվել են մասնագիտացված փոքրիկ խմբեր, որոնք լիարժեքորեն կատարել են իրենց խնդիրը:
«Հետագա էվակուացիան վիրավորների կազմակերպվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալով՝ օդային կամ ցամաքային ճանապարհներով՝ դեպի Երևանի կենտրոնական հոսպիտալ կամ կայազորային հոսպիտալներ»,- նշեց Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ համագործակցել են ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Ի դեպ, ռազմաբժշկական վարչության պետը հայտնեց, որ այս օրերին ռեզերվներն ընդհանրապես չեն օգտագործել: «Այսօրվա դրությամբ մոտ հինգ-վեց վիրավոր գտնվում են հանրապետության տարբեր կլինիկաներում: Դա խոսում է այն մասին, որ մեր ունեցած բազան հերիքել է լուրջ բժշկական ապահովում կազմակերպելու համար»,- ասաց նա:
Կամավոր Խաչատրյանը նաև հայտնեց, որ իրենց դիմել են բազմաթիվ բժիշկներ, որոնք ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ և լինել մեր զինվորների կողքին, բայց հիմնականում խնդրանքները մերժվել են, քանի որ առայժմ սահմանափակվել են իրենց ունեցած բուժանձնակազմով, և բժիշկների խտացման անհրաժեշտություն չի զգացվել:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- Վիրավորներից շատ շատերը, նույնիսկ անդամահատված ոտքերով, պատրաստ են վերադառնալ դիրքեր. Սեյրան Օհանյան
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան