Թուրք վերլուծաբանն անդրադառնում է ղարաբաղյան զարգացումներին
Թուրք վերլուծաբան, Անկարայի հանրային քաղաքականության կետրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլտեկին Փունսմանը թուրքական «Hurriyet Daily News» պարբերականում անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին։
Հեղինակը զուգահեռներ է անցկացնում 2008 թ-ի վրաց-օսական ռազմական գործողություների հետ, երբ, իր խոսքով, Վրաստանը տարածքները վերամիավորելու նպատակով որոշեց ռազմական ուժ կիրառել Հարավային Օսիայի նկատմամբ։
Այս կապակցությամբ, հեղինակը տարակուսում է, որ Ադրբեջանն անընդհատ բողոքում է ստատուս քվոյի պահպանման անհնարինությունից, մինչդեռ պետք է գիտակցի, որ ռազմական լուծումը, ինչպես Վրաստանի փորձը ցույց տվեց՝ ընդունելի տարբերակ չի կարող լինել։
«Ես ընդունեցի Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը ռուս-թուրքական ճգնաժամի համատեքստում, այն հաշվարկված և հավասարակշռված էր»,- շարունակում է Փունսմանը` ակնարկելով ղարաբաղյան ներկայիս զարգացումներին Թուրքիայի դիրքորոշման անտրամաբանությունը։
«Ղարաբաղցիների հոգեբանական պատրաստվածությունը չպետք է թերագնահատվի։ Բնակչությունն այնտեղ լցված է վճռականությամբ՝ ամեն վայրկյան կատաղի պատասխան հարված հասցնելու համար, հատկապես, երբ պայքարն այնտեղ ընկալվում է որպես գոյատևման միջոց։ Խիստ կասկածելի է, որ այս բախումների ավարտը կարող է հօգուտ Ադրբեջանի լինել»,- գրում է հեղինակը, ի հեճուկս Ադրեջանի վերջին տարիներին կուտակած զինատեսակների։
Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է պաշտոնապես ճանաչվել` սկսած Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, և այս համատեքստում Ադրբեջանը մեծ ռիսկի է գնում, վտանգելով այն, ինչ ձեռք է բերել վերջին տասնամյակներին։
«Այդ երկրի նոր սերունդը հայացքն ապագային է ուղղել, ինչն էլ մեծագույն ձեռքբերում է։ Փառքը միշտ չէ որ մարտի դաշտում են նվաճում։ Ուժը նաև կարող է ծնվել պարտությունն ընդունելու ճանապարհով։ Արդյո՞ք Գերմանիայի օրինակը չի վկայում այդ մասին», -գրում է վերլուծաբանը։
Շարունակելով միտքը, հեղինակը նշում է, որ Թուրքիան ղարաբաղյան լարվածության համատեքստում պատճառներ չունի որևէ աջակցություն տրամադրելու Ադրբեջանին, նույնիսկ ռազմական, և որ հայերը չպետք է մտավախություն ունենան Թուրքիա-Ադրբեջան դաշինքի առնչությամբ։
«Ղարաբաղը հայ-թուրքական պատերազմ չէ։ Թուրքերն հայերի հետ պատերազմի մեջ չեն այնպես, ինչպես քրդերի հետ, չեն մարտնչում Թուրքիայում կամ ինչպես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ կրոնական չէ իր բնույթով»։
Հեղինակի կարծիքով, կրոնական գործոնը պատերազմում այս կամ այն կողմին աջակցելու համար, և ընդհանրապես, կրոնական ազգայնականությունը խնդրահարույց է հենց Թուրքիայի օրինակով, քանի որ հենց Թուրքիայի Հանրապետության հիմնման ակունքներում ռազմական և քաղաքական գործոններ են եղել, այլ ոչ` Կովկասի իսլամական բանակը։
«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-արձանագրում է հեղինակը, վկայակոչելով, այդ թվում, Իրանի` որպես տարածաշրջանում ծանրակշիռ խաղացողի գործոնը։
Ամփոփելով հոդվածը, Փունսմանը պնդում է, որ Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ լարվածությունը և որ Երևանի հետ կապերի հաստատումը կանխարգելիչ դիվանագիտության միջոց պետք է դիտարկվի Անկարայի համար` սեփական սահմանները կայուն պահելու տեսանկյունից։
«Թուրքիան ևս պետք է դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը, այնքան, եթե ոչ ավելի, որքան Գյումրիում տեղակայված ռուսական բազան է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան