Կոչ եմ անում, որպեսզի հայց ներկայացվի ՄԱԿ՝ հրադադարի խախտման վերաբերյալ.Ֆրանսիացի սենատոր
Ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլպ Կալտենբախը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի խախտման անընդունելիությունը՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին և համայն հայությանը:
«Հարկավոր է, որ Մինսկի խումբը ակտիվորեն մոբիլիզացվի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Ես կոչ եմ անում, որպեսզի հայց ներկայացվի Միավորված ազգերի կազմակերպությանը՝ հրադադարի խախտման վերաբերյալ միջազգային քննության հանձնաժողով ստեղծելու նպատակով»:
Ֆրանսիացի սենատորն իր հայտարարությամբ նաև աջակցություն է հայտնել Ֆրանսահայ կազմակերպությունների ապրիլի 9-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանության դիմաց նախաձեռնած ցույցին:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Փարիզի մերձակա Ալֆորվիլի քաղաքապետ, սենատոր Լյուկ Կարվունասը պաշտոնական մամուլի հաղորդագրությամբ է հանդես եկել, որում նշել է, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը միակողմանի ստանձնել է էսկալացիայի ողջ պատասխանատվությունը. «Ես կոչ եմ անում, որպեսզի Ֆրանսիան, առանց սպասելու Մինսկի խմբին, դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ իրավիճակի հետագա սրումը վերացնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»:
Սենատոր Կարվունասը ևս միացել և ապրիլի 9-ին Փարիզում ֆրանսահայերի ցույցի կոչին: Քաղաքապետի խոսքին հաջորդած ժամերին Ալֆորվիլի քաղաքապետարանի շենքին ադրբեջանական ագրեսսիայի դեմ ցույցին մասնակցելու կոչով մեծ պաստառ է կցվել: