ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում պատասխանելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը վերաբերող հարցին, թե կողմերը մոտ են պայմանավորվածությունների սեղանին դրված առաջարկությունների շուրջ համաձայնության գալուն, ասաց. «Ես հնարավորություն եմ ունեցել և այսօր էլ ունեմ գնահատականներ տալու միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ոչ միայն գնահատական եմ տվել, այլ նաև շնորհակալություն եմ հայտնել միջազգային հանրությանը՝ նրանց կողմից գործադրված ջանքերի համար»:
Նրա խոսքերով՝ հարաբերական խաղաղությունը՝ մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ապահովվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ:
«Շնորհակալությանը զուգահեռ ես ներկայացնում էի նաև մեր դժգոհությունը՝ նրանց կողմից իրականացված առաքելությանը: Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում էի, որ խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հասնել վերջնական լուծման»,- նշեց Բակո Սահակյանը:
Ըստ նրա՝ ցանկացած նախաձեռնություն, առաջարկություն, մինչև չիրականացվի ԼՂՀ-ի պաշտոնական մասնակցությամբ, ապա այդ առաջարկությունները չեն կարող լիարժեքորեն և վերջանականապես կյանքի կոչվել:
«1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն` ԼՂ-ն հակամարտության կողմ է, և այդ որոշումը մինչ օրս իրակավական առումով ուժը կորցրած չէ: Հետևաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայություն, և վերջին իրադարձությունները հիմք են միջազգային հանրության համար` վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ»,- հայտնեց Բակո Սահակյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:
«Պարզապես հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու մեր պահանջը բխում է տրամաբանության դիրքերից: Աշխարհում չկա որևէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի»,- ասաց Բակո Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ նախագահ. Տվել եմ հրաման՝ կազմակերպելու ոչ թե դիմադրություն, այլ հակառակորդի գործողությունները կասեցնելու
- ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
- 1921թ-ին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց այդ ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում. Բակո Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին