Հովիկ Աբրահամյան. Ոչ մի համաձայնագրի մասին տեղյակ չենք
«Ոչ մի համաձայնագրի մասին մենք տեղյակ չենք, մենք որևէ անհիմն խոսակցության չենք ուզում պատասխանել»,-այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝լրագրողների խնդրանքով անդրադառնալով մամուլում հրապարակված ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե ԼՂ շուրջ գործնականում բոլոր համաձայնությունները գտնվում են սեղանի վրա:
Լավրովի այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն էր տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը. «Բանակցությունների սեղանին է գտնվում Կազանի փաստաթուղթը, որը կողմերին ներկայացվել է 2011թ-ին: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել այն, չնայած որ նախապես համաձայնեցված է եղել Բաքվի հետ: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին. դեռևս Կազանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ալիևը 10 հավելյալ առաջարկներ է արել և փաստացի տորպեդահարել է կարգավորման համաձայնեցված սկզբունքները»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ուեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ գործնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր համաձայնությունները գտնվում են «սեղանի վրա»: