Առաջնագծում ստեղծված իրավիճակի համար մեղավորության բաժին ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան մարտերից հետո Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երկու հետևություն է արել:
«Հետևություն առաջին` հույսը պետք է դնենք բացառապես մեր վրա և հետևություն` երկրորդ, որն ինձ համար ամենակարևորն է, տեղի ունեցածի մեջ պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով, երբ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ էին անում, միջազգային հանրությունը դրան չէր արձագանքում: Միջազգային հանրությունը շարունակում էր լռել, երբ Ադրբեջանը խախտում էր բոլոր միջազգային պայմանավորվածությունները և երբ Ալիևը «ֆոտոսեսիա էր կազմակերպում ռազմատեխնիկայի հետ»:
«Այնպես, որ ստեղծված իրավիճակի համար մեղավորության և պատասխանատվության հստակ բաժին ունի միջազգային հանրությունը և Մինսկի խումբը` իր անհասցե, անդեմ հայտարարություններով»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա