Շարմազանովը՝ Ռուսաստանի կողմից հակառակորդին զենք վաճառելու մասին
«Առաջին անգամ չէ, որ հանրապետության նախագահը այդ մասին խոսել է և ասել, որ Հայաստանը հիացած չէ ու ցավ է ապրում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը գուցե նաև տարածաշրջանում հավասարակշռությունն է խախտում»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը շատ հստակ, պարզ երեկ այդ մասին նշել է նաև ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Հարցին, իսկ արդյոք հնարավո՞ր չէ դատապարտել, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Եթե ձեզ թվում է, թե նախագահի խոսքը միայն զգացմունքային մեսիջ ուներ, ապա հիշեք՝ նախագահների խոսքը նախևառաջ քաղաքական գնահատականներ են և քաղաքական ազդակներ: Պարոն նախագահը, շատ հստակ նշել է, բայց ես գտնում եմ, որ մենք սլաքները պետք է ուղղենք ոչ միայն այդ ուղղությամբ, այլ նաև ինձ անհանգստացնում է այն քայլը, որ Հայաստանի Հանրապետությունում հայտնվել են գործիչներ, ովքեր իրենց վրա վերցրել են Թուրքիայի փաստաբանի դերակատարումը: Կարծում եմ, եթե կա մի պետությունը, որը նախևառաջ պետք է քննադատվեր այս ամեն ինչում, բացառությամբ Ադրբեջանի, դա պետք է լիներ Թուրքիան, քանի որ Էրդողանը, Դավութօղլուն և մյուսները իրար հերթ չտալով, օրը մի քանի անգամ արդարացնում են Ադրբեջանի գործողությունները, Ադրբեջանի ագրեսիան և տեռորը Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ավելին, կոչերով են հանդես գալիս: Եւ ես դա չեմ հասկանում, երբ մարդիկ իրենց պահում են Թուրքիայի փաստաբանի նման»,- հայտարարեց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ տարածաշրջանում Հայաստանի անվտանգության սպառնալիքը Ադրբեջանն ու Թուրքիան են:
Նրա խոսքերով՝ տարաշածրջանում միակ երկիրը Թուրքիան է, որը հստակ, անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանի իշխանություններին և Արցախի ժողովրդի նկատմամբ նրանց գործողություններին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին է արձագանքը ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այսօրվա հայտարարությանը, թե Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, Է.Շարմազանովը մատնանշեց, որ Ռոգոզինն այդ հայտարարությունն անմիջապես հեռացրել է :
Մեկնաբանելով Գերմանիայում Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե հայկական զինուժը կռվում է 80-ականների զենքով, Շարմազանովը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչներից Լևոն Զուրաբյանը ճիշտ է հասկացել Սերժ Սարգսյանի խոսքի ենթատեքստը, որ մեր բանակը 80-ականների զենքով կարողացել է դիմակայել Ադրբեջանի նորագույն զինատեսակներին:
Նա նաև շեշտեց, որ Հայաստանը անհարկի ծախսեր չի արել և մշտապես զինել է հայկական բանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան