Ս. Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի առաձնահատկությունների վրա
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը:
Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին:
Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը:
Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորանը:
Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահների հանդուրժող կեցվածքի ներքո տեղի էր ունենում Ադրբեջանի առաջխաղացումը. Կ.Բեքարյան
- ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
- ԼՂՀ ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան