Մատաղիսցի կնոջ փախուստի պատմությունը
Արցախի Մատաղիս գյուղի 53-ամյա բնակիչ Ջուլիետա Սարգսյանի ընտանիքն ու հարազատները ապրիլի 7-ի դաժան գիշերվանից հետո Հայաստանի տարբեր ծայրերում են ապաստան գտել. ինքը Երևանում է՝ հորաքրոջ տանը, հարսը մանկահասակ երեք երեխաների հետ՝ Աշտարակում, քույրը՝ Մասիսում, մյուսները՝ Հրազդանում: Որդին՝ 27-ամյա Արցախը, մնացել է Արցախում:
«Ապրիլի 2-ին, լուսադեմին 4-ից քսան պակաս էս կրակոցները սկսեցին, ձենը մի քիչ բարձր էր, բայց էլի մտածում էինք՝ սովորական կրակոցներ են ու էլի առավոտը վեր կկենանք, կգնանք մեր գործին: Առավոտ ժամը հինգի կողմերը մի քիչ դադարեցին կրակոցները, բայց ժամը վեցին ուժեղացան կրակոցները, արդեն խփեցին գյուղի մեջ: Տղես զանգեց գյուղապետին, նա էլ ասաց՝ վիրավոր եմ: Էդ ասելուց հետո երեխքը քնած էին, վռազ երեխոնցը տհենց վերցրինք, գիշերանոցով էին, ու հելանք դուրս», -պատմում է պատերազմի սարսափի միջով արդեն անցած կինը:
27 տարեկան էր, երբ առաջին պատերազմն է տեսել: Այս ապրիլյան հարձակումն էլ, ասում է, հիշեցրեց նախկին դաժան օրերը՝ գյուղը ծխի մեջ կորած, խելակորույս փախչող մարդիկ, քանդված տներ ու լացող մանուկներ:
«Գյուղը ծխի մեջ էր, ասում էինք՝ չպրծանք, երևի ստեղ կմեռնենք», -մտածել է տիկին Ջուլիետան:
Բայց չեն կորցրել իրենց, որդին՝ Արցախը երեխաների հետ նրանց հասցրել է Դրմբոն, որտեղ նրա պատմելով, տեսել են մեծաթիվ մարդիկ, ովքեր նույնպես ապաստան են փնտրել թշնամու հարձակումից:
Դրմբոնում նստել են Հայաստան մեկնող «Գազելը» ու հասել Երևան:
«Գազելի մեջ մի ութ կնիկ կար, որից երեքը հղի էին, մի տասն էլ՝ երեխա: Նստել ենք ու առանց դակումնետի եկել: Ահավոր էր, որտեղ ավտոն կանգնում էր, ասում էինք, թե հենա ճամփին մի տեղ կկրակեն, կխփեն: Որ անցանք Հայաստանի սահմանը, արդեն սիրտս մի քիչ…», -հուզված պատմում է տիկին Ջուլիան:
Ասում է՝ Երևանում է, բայց հոգով ու մտքով Արցախում է, որդու կողքին, հարազատ գյուղում, որտեղ ապրում էր խաղաղ, զբաղվում աշխատանքով, մեծացնում թոռնիկներին:
«Չեկավ, ասեց իմ զինվորներին չեմ թողի, գամ», -որդու մասին ասում է կինը:
«Գազել»-ով դեպի Երևան ճանապարհին «տատի մեզի կրակո˚ւմ են», -երեք տարեկան աղջնակի հարցերին պատասխանել են՝ ասելով, թե «սալյուտ են բաց թողում»:
Մանկահասակ երեք թոռնիկները, որ ապաստանել են իրենց տատիկ-պապիկի տանը՝ Աշտարակում, ասում է, օգնության կարիք ունեն՝ հագուստ ու սնունդ է անհրաժեշտ: Ոչինչ չեն կարողացել բերել իրենց հետ:
«Ապրում էինք մեր համար խաղաղ: Ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ խաղաղություն եմ ուզում, որ գնամ մեր մոտ աշխատեմ, որ էդ երեխոնցը կարանամ պահեմ: Խաղաղ ապրում էինք, էն առաջի կռիվը տեսել էինք, դրանից հետո չէինք տեսել էլ ըտենց բան, տուն-տեղ դրած ապրում էինք: Չէի պատկերացնի, որ էլի կփախնենք», -ափսոսում է Երևանում ապաստանած կինը:
Իր խոսքով, սարսափով է ամեն անգամ զանգում որդուն՝ կարող է հանկարծ չպատասխանի: «Ինձ տուն-բան պետքը չի, մենակ իրանք սաղ լինեն, մեկա, որ գնանք հետ, էլի կստեղծենք: Որ իրանք սաղ լինեն, ամեն ինչը լավ կլինի: Որ իրանք չլինեն, մենք՝ կանայքով ի˚նչ պտի անենք: Չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, մենակ խաղաղություն կուզեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին