RAI NEWS 24-ի թղթակից. Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները
Իտալական RAI NEWS 24 հանրային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղից պարբերական հեռարձակումներով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Հեռարձակված ռեպորտաժում թղթակից Աննամարիա Էսպոզիտոն հայտնում է, որ կանգնած է Ստեփանակերտի հրապարակում, որը պաշտոնական Բաքուն սպառնում է ռմբակոծել: Շարունակելով, թղթակիցն անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը, որ «ադրբեջանցիների հետ են և շուտով Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ»:
Այնուհետև, հեռուստաալիքի թղթակիցը տեղափոխվում է Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղ, որտեղից արդեն ցուցադրում է Ադրբեջանի զինուժի կողմից կիրառված «Գրադ»-ի պատճառած ավերածությունները, նաև մոտակայքում գտնվող մանկապարտեզն ու նույն գյուղի դպրոցի բակը, որտեղ ևս կան ընկած արկեր:
Թղթակիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները: Նշում է նաև, կան փաստեր առ այն, որ Արցախի ուղղությամբ Ադրբեջանը «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգ է օգտագործել:
Հեռուստաալիքի թղթակիցը հայ զինվորականի հետ զրույցում անդրադառնում է այն լուրերին, ըստ որոնց, Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանը մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի գրոհայիններ: Ի պատասխան, զինվորականը նշում է, որ թեև դեռ հստակ տեղեկություններ չկան, սակայն վերջինիս խոսքով, ադրբեջանական զինուժի գործողությունների մեթոդները և հատկապես ծեր ու անօգնական քաղաքացիական բնակչության հանդեպ նրանց արած վայրագությունները հիշեցնում են «Իսլամական պետության» ոճը: