«The Economist» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից բռնությունների վերսկսման հնարավոր դրդապատճառներին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սակավ ուշադրություն է հատկացվում ի տարբերություն գործող այլ հակամարտությունների, սակայն վերջին շաբաթա զարգացումները ցույց տվեցին, որ նման մոտեցումն արդարացված չէ, գրում է բրիտանական «The Economist» պարբերականը։
Անդրադառնալով վերջին բռնություններին, թերթն ընդգծում է, որ ծագեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին, ինչը վկայում է, որ դա պատահականություն չէր։
«Բանակցային գործընթացի փակուղուց դժգոհությունը, հնարավոր է, Ադրբեջանին հրահրեց փոփոխություններ իրականացնելու փորձ կատարել»,- պարբերականի հետ զրույցում ասել է «Չեթեմ Հաուս» լոնդոնյան հետազոտական կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը, հավելելով, թե այս համատեքստում նույնիսկ կորուստներն են արդարացված Ադրբեջանի համար, քանի որ այն խնդիր ուներ ռազմական ծախսերի շարունակական մեծացման արդյունավետությունը փորձարկել։
«Դա կարող էր օգնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` կոծկելու նավթի ընկնող գներից գլխացավանքը։ Նավթն ու գազը 2013 թ-ին երկրի արտահանման 94% էին կազմում։ Հաշվի առնելով այն, որ վերջին երկու տարիներին նավթամթերքների գները նվազեցին, ադրբեջանական կենտրոնական բանկը ստիպված եղավ ծախսելու պետական պահուստների շուրջ երկու երրորդը սեփական արժույթը պահելու համար, մինչ այն կհասցներ կտրուկ արժեզրկվել։ 2016 թ-ին կառավարությունը 20% հարկ սահմանեց արտաժույթի փոխանակման գործարքների վրա և Արժույթի միջազգային հիմնադրամին դիմեց հնարավոր վարկավորման համար։ Այս տարվա սկզբին թանկացող գներն ու գործազրկությունը մի քանի փոքր քաղաքներում բողոքի ալիք բարձրացրեցին, ինչը Ալիևի իշխանության ակընդետ հայացքի ներքո քիչ հանդիպող երևույթ էր», - գրում է թերթը։
Պարբերականն այնուհետև անդրադառնում է ռազմական գործողություների բռնկման մեկ այլ հնարավոր տարբերակի, որն, ինչպես նշվում է, շահարկվում է հայկական կողմում։ Այն է` Ադրբեջանի երկարամյա դաշնակից Թուրքիայի հնարավոր սադրանքն է։ Այդ շահարկումն էլ ավելի ամրապնդվեց Էրդողանի կողմից «Ադրբեջանին անվերապահորեն սատարելու» հայտարարություններից հետո։
Թերթի հետ զրույցում Չեթամ Հաուսի մեկ այլ ներկայացուցիչ Լորենս Բրոյերսն այս վարկածը վիճահարույց է համարել։
«Դրդապատճառները (ռազմական գործողությունների վերսկսման) տեղային են, և չեն առնչվում գերպետությունների շահերին»,-ասել է նա։
Այնուհանդերձ, խաղաղության հաստատումը հնարավոր է գերտերությունների կողմից լիցքերի հաղորդման պարագայում, օրինակ՝ Ռուսաստանի։ Մոսկվան առավել սերտ կապեր ունի Հայաստանի հետ, ունի տեղակայված ռազմական բազա և պայմանագիր իր սահմաններն հարձակումներից պաշտպանելու պարտավորության մասին, սակայն Ռուսաստանը միևնույն ժամանակ մեծաքանակ զինք է վաճառում Ադրբեջանին։ Ցանկացած խաղաղության կարելի է հասնել միայն արտաքին ճնշման պարագայում, որը կհաղթահարի ներքին դիմակայությունները։
«Այժմ դրսի ուժերը չեն կարող պնդել, թե որևէ կերպ իրավիճակը վերահսկողության տակ կարող են պահել», - պարբերականի հետ զրույցում ասել է Թոմ Դե Վաալը։