Խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը չկա. Արմեն Ռուստամյան
«Քանի դեռ հայկական կողմը կարողանում է վերահսկել սահմանային իրավիճակը, ապա մեր կարծիքով, խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը չկա», -այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե այսօր Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականություն կա՞:
Նա կարծիք հայտնեց, որ այդ հարցը կարող է տեղավորվել ինչ-որ երկրի քաղաքական շահերի մեջ և չբացառեց, որ նման ծրագիր քննարկվի:
«Ի վերջո պետք է իմանանք, ստեղծվել է մի իրավիճակ, որ պետք է միջազգային հանրությունը համապատասխան արձագանք տա»,- նկատեց պատգամավորը:
Հարցին, թե ո՞ր երկրներին կարող է ձեռնտու լինել խաղաղապահների տեղակայումը, նա պատասխանեց, որ նայած թե ինչ երկրներ կլինեն այդ զորակազմի մեջ:
«Իրենք արդեն ավելի ամբողջական կոնտրոլ են իրականացնում տարածաշրջանի նկատմամբ: Մենք ասում ենք, որ եկեք այսօրվա չափանիշներին համապատսսխան կոնտրոլ իրականացնենք: Մենք կոնտրոլին կողմ ենք: Որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվեր, պետք է մեխանիզմներ լինեին, իսկ դա ամբողջ շփման գծի երկայնքով հրադադարի վերահսկման սարաքավորումներ տեղադրելն ու արձանագրելն է, թե ով խախտեց հրադադարը: Պետք է վերադարձ լինի ապրիլի մեկի դիրքերին և դրա հիման վրա մշակվի հրադադարի ռեժիմը»,- հավելեց դաշնակցականը:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հայկական բանակը կռվում է 1980-ական թվականների զենքով, ինչին ի պատասխան, Ռուստամյանն ասաց, վստահ է՝ տեխնիկայի համեմատությունն հօգուտ հայկական կողմի չէ:
Բայց, միաժամանակ, ըստ Ռուստամյանի, կան տեխնիկական միջոցներ, որոնք ուղղակի արգելված են, չի կարելի կիրառել:
«Մեզ պետք չէր, որ այդ միջոցները ձեռք բերեինք, բայց քանի որ նկատի ունենք, թե ինչ հակառակորդ ունենք, նման մարտավարություն պետք է վարել: Հետևաբար, հետագայում այդ հարցը պետք է քննարկման ենթակա լինի: Եթե հավանականություն կա այլ հարձակումների, մենք պետք է հարցը քննարկենք: Եթե իրոք այդպես է, ուրեմն պետք է վերանայենք մեր զինանոցը»,-հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահներ տեղակայելու մասին հարց չկա. Վ. Բաղդասարյան
- Ալիևին Հիտլերի ճակատագիրն է սպասվում. Արմեն Ռուստամյան