
Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հրապարակել զինվորական «Ուրալ»-ի վթարի մասին
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։