Եզդիները հայերի հետ միասին պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ. Ազիզ Թամոյան
Սա պատերազմ է, որը ողջ մուսուլմանական աշխարհը հայտարարել է աշխարհին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխարհի, Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ նշելով, որ այդ պատերազմի ականատեսը եղանք նաև Իրաքում ու Սիրիայում:
«Եզդիները և հայերը եղբայր ժողովուրդ են և պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ: Ալիևը աշխարհի առաջին հանցագործն է և պետք դատապարտվի միջազգային դատարանով: Արցախին պատերազմ հայտարարողների դեմ մենք պատրաստ ենք կռվել մեր զորքով»,-հայտարարեց Ազիզ Թամոյանը:
Արցախից նոր վերադարձած եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ հայտնեց, որ ընտանիքից չոր հոգով են մեկնել սահմանագոտի և այժմ էլ իր երեք եղբայրները Հադրութի գնդում են:
«Մենք էլ ենք սպա կորցրել, եզդի Քյարամ Սլոյանը զոհվել է իր հրամանատարի համար: Հրամանատարը վիրավորվել է, Քյարամը հետ է դարձել նրան գրկել, և այդ ժամանակ թուրքը բռնել է նրա ծոծրակից»,-պատմեց նա:
Բրո Հասանյանը ասուլիսի ընթացքում Արցախում գտնվող եղբորից զանգ ստացավ և տեղեկացավ, որ իրավիճակը հանգիստ է:
Հանդիպմանը ներկա եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ Ադրբեջանի այս գործողությունները որակեց որպես փորձ, որի միջոցով ցանկացել են իմանալ հայկական բանակի մարդկային և տեխնիկական ուժը:
«Պետք է դիմել միջազգային դատարան՝ Ադրբեջանի կատարած հանցագործությունների համար: Նրանք հարձակվել են խաղաղ ժողովրդի դեմ, գերի վերցրածի նկատմամբ վարվել բարբարոսությամբ»,-հավելեց Սիաբանդ Բաքոյանը: